Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համաձայնությունը` բժշկական միջամտության համար

Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նույնպես երաշխավորում է սույն իրավունքի առկայությունը`«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով: Ընդ որում` նույն օրենքի 8-րդ հոդվածն ավելի մանրամասնորեն է անդրադառնում բժշկական միջամտության համար համաձայնության առկայության պարտադիր լինելու հանգամանքին: Այդ հոդվածի համաձայն` «Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից: Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր: 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից»:

 

Այսպես` ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է, որ անձի նկատմամբ բժշկական միջամտություն իրականացնելու համար անհրաժեշտ է վերջինիս, իսկ օրենքով սահմանված որոշ դեպքերում` նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը: 

 

Միաժամանակ, վերոնշյալ 2 դեպքերի անհնարինության ժամանակ, երբ միջամտությունը հետաձգման ենթակա չէ, որոշումը կարող է կայացվել բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից: Ընդ որում, վերոնշյալ հոդվածի համաձայն, բժշկական միջամտության իրականացման համար տրվող համաձայնությունը կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Այսինքն, երբ բժիշկը կամ անձը դիմում են նման պահանջով, համաձայնությունը կարող է տրվել գրավոր, ինչը որոշակիորեն բացառում է հետագայում համաձայնության առկայությունը վիճարկելու հանգամանքը:

 

Ինչ վերաբերում է բժշկական միջամտության ենթարկվող անձի փոխարեն համաձայնություն տալու իրավասություն ունեցող անձանց, ապա հարկ է նշել, որ այդպիսիք են.

 

  • ծնողները կամ որդեգրողները, եթե վերջիններիս երեխան դեռևս 18 տարեկան չէ, բացառությամբ այն դեպքի, երբ երեխան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով ձեռք է բերել գործունակություն,
  • խնամակալները, որոնք նշանակվում են 14 տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ,
  • հոգաբարձուները, որոնք նշանակվում են 14-18 տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

 

Հետաքրքիր է նշել, որ ըստ հասարակության որոշակի շրջանակում տարածված թյուր կարծիքի` բժշկական միջամտության որոշ ձևերի համար անհրաժեշտ է ոչ միայն միջամտության ենթարկվողի, այլև այլ անձանց համաձայնությունը: 

 

Կարծիք կա, օրինակ, թե հղիության արհեստական ընդհատման համար անհրաժեշտ է նաև ամուսնու թույլտվությունը կամ համաձայնությունը, այնինչ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`«Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում` կնոջ համաձայնությամբ»:

 

Այսպիսով, կինն ինքն է որոշում` համաձայնվել կամ դիմել հղիության արհեստական ընդհատման` անկախ ամուսնու համաձայնությունից:

 

Միաժամանակ, անդրադառնալով համաձայնության առկայության պարտադիր լինելուն, հարկ է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսվում է բացառություն ընդհանուր կանոնից: Մասնավորապես` նշված հոդվածի համաձայն`«Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

Այսպիսով, պացիենտի կյանքին վտանգ սպառնալու դեպքում, եթե անգամ նա ինքը կամ նրա օրինական ներկայացուցիչը դեմ են բժշկական միջամտություն իրականացնելուն, բժիշկը, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր է իրականացնել համապատասխան միջամտությունը` անկախ համաձայնության առկայությունից:

 

Ինչ վերաբերում է մյուս բացառությանը, այսինքն` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում պացիենտին` անկախ նրա` բժշկական օգնության ցուցաբերման համաձայնության առկայության, ապա այս հարցում ՀՀ օրենսդրությունը դեռևս կատարյալ չէ:

 

Մասնավորապես` ՀՀ Կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ սահմանվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը, որը ներառում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ժանտախտը, խոլերան, տուլարեմիան, սիֆիլիսը և այլն:

 

Միաժամանակ, անդրադառնալով շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում առանց անձի համաձայնության վերջինիս բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու հարցին, ի հայտ է գալիս մեկ այլ հարց. իսկ ինչպե՞ս կամ ի՞նչ կարգով է իրականացվում համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումը:

 

Վերը շարադրվածի կապակցությամբ հարկ է նշել, որ դեռևս չկա որևէ սահմանված կարգ, որով կնախատեսվի անձին հարկադիր կարգով բուժման ենթարկելու գործընթացը:

 

Այսպես, եթե ցանկում ներառված` տուբերկուլոզով հիվանդը սովորում է որևէ ուսումնական հաստատությունում կամ աշխատում է որևէ հիմնարկում և չի ցանկանում բուժվել, չկա որևէ հստակ գործելակարգ, որով հնարավոր կլինի վերջինիս հարկադրաբար ենթարկել բուժման: Սույն օրենսդրական բացը պարբերաբար քննարկվում է համապատասխան մարմինների կողմից` հնարավոր լուծում տալու նպատակով:

 

Բժշկական միջամտության ժամանակ անձի համաձայնության հարցում խնդրահարույց իրավիճակներ են առաջանում նաև այն դեպքերում, երբ անձն այս կամ այն աղանդին պատկանելու պատճառով հրաժարվում է անհրաժեշտ բժշկական միջամտությունից: Ավելորդ է նշել, թե երբեմն որքան վտանգավոր կարող է լինել նման իրավիճակում մարդուն առանց համապատասխան միջամտության թողնելը:

 

Պատահում են նաև դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են իրենց մի քանի ամսական երեխային անհրաժեշտ վիրահատական միջամտությունից` գիտակցելով, որ երեխան անգամ համապատասխան վիրահատական միջամտությունից հետո լիովին չի ապաքինվի կամ կունենա հաշմանդամության կարգ: 

 

Այնինչ, վերոնշյալ և նմանատիպ այլ դեպքերում առաջ է գալիս օրենքով նախատեսված երաշխիքը, որի համաձայն` մարդու կյանքին վտանգ սպառնալու դեպքում անձին բժշկական օգնության և սպասարկման իրականացումը պարտադիր է: Այսինքն` անկախ ծնողների ցանկությունից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձը պարտավոր է կատարել համապատասխան բժշկական միջամտությունը:

 

Հաշվի առնելով վերոնշյալ իրավիճակների խնդրահարույց բնույթը` օրենքի 16-րդ հոդվածի կապակցությամբ տրվել է ՀՀ առողջապահության նախարարի 2009թ. հունվարի 26-ի թիվ 1 պարզաբանումը.«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները»,«Լիցենզավորման մասին»ՀՀ օրենքով նախատեսված լիցենզիայի առկայության դեպքում, մարդու կյանքին սպառնացող ցանկացած վտանգի, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ սահմանված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների առկայության դեպքում, առանց տվյալ կոնկրետ մարդու (պացիենտ) կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, անկախ այդ համաձայնությունն ստանալու անհնարինության պատճառների (օրինակ` հիվանդի անգիտակից վիճակում գտնվելը, կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելը), պետք է իրականացնեն անհրաժեշտ բժշկական միջամտություն: Ընդ որում, այդ մասին որոշումը կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից»:

 

Վերը շարադրվածի կապակցությամբ հարկ է նշել, որ բժշկական պրակտիկայում հաճախ ի հայտ է գալիս խնդիր, երբ անձը, գիտակցելով իրավիճակի բարդությունը և կյանքին սպառնացող վտանգը, հրաժարվում է բժշկական միջամտությունից:

 

Այսինքն` ներկայումս մեխանիզմների անկատարությունը կարող է բերել նրան, որ բժիշկը, ներկայացնելով իրավիճակը և բուժման այլ տարբերակ չունենալով, չի կարողանում ձեռնարկել որևէ միջոց անձին հարկադիր բժշկական միջամտության ենթարկելու համար:

 

Այսպիսով, որքան էլ կարևորենք անձի` բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը, անձի կյանքն ու հասարակության անվտանգությունն ավելի կարևորելով` օրենքը նախատեսում է առանձին դեպքերում անհրաժեշտ բժշկական միջամտության իրականացման հնարավորություն` հիշյալ համաձայնության բացակայության պայմաններում:

 

Հեղինակ. Սուրեն Քրմոյան ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Անի Մանուչարյան ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ